Համամասնական ընտրակարգի քննարկվող ռեյտինգային քվեարկության տարբերակի դեպքում, եթե նախկինում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորը միայն իր համար էր ձայներ հավաքում, տարբեր պայմանավորվածություններով ապահովում իր ընտրվելու հարցը, ապա հիմա կարծես թե առաջնահերթությունը պետք է տա կուսակցությանը, որի ցուցակում ընդգրկված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարտուն Գրիգորյանը, ով հայտնի չէ` որ քաղաքական ուժի ցուցակում է տեղ գտնելու:
«Դե քննարկվող տարբերակով առաջնահերթությունը պետք է տալ կուսակցությանը, որ համապատասխան ձայն հավաքի եւ կարողանա մտնել Ազգային ժողով: Կուսակցությունների դերի բարձրացման առումով դրական է, բայց եթե այն ժամանակ մեծամասնական պատգամավորը կոնկրետ իր ընտրատարածքում վարկանիշ ու ժողովրդի մեջ հավատ ձեռք բերելու միջոցով պիտի ձայներ հավաքեր, ապա հիմա միայն վարկանիշը քիչ է լինելու, կարող են հարգել իրեն, բայց որ կուսակցությունն իր առջեւ դրված խնդիրները չի կատարել, մարդիկ կարող են ձայն չտալ, կուսակցության վարկանիշը կարող է մարդկանց համար ընդունելի չլինել»,-ասաց նախկին ԲՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը մշտապես ԲՀԿ-ից է հանդես եկել ու ընտրվել: Հարցին՝ եթե, օրինակ, ՀՀԿ-ից հանդես գա` կկարողանա՞ նույնքան քվե ունենալ, նա պատասխանեց. «Էդ հարցին այսօր հստակ պատասխանելը շատ դժվար է, քանի որ փոփոխական ու խառը վիճակ է: Այսօր ոչ ոք ոչինչ չի կարող վստահ ասել մանավանդ Գյումրիի կտրվածքով: Հայտնի է` մարզերում մեկ անձով պայմանավորված ընտրություն լինում է, բայց եթե ժողովուրդը վստահում է այդ մարդուն ու ձայն տալիս այդ կուսակցությանը, բնականաբար, ես էլ ամեն ինչ անելու եմ, որ կուսակցության հնարավորությունները ծառայեցնեմ ժողովրդին, որ ես էլ ժողովրդի մեջ երեսատեղ ունենամ»:




























