Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հավանական թեկնածու համարվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջադրվելու որոշումը կախված է Ընտրական օրենսգրքի վերջնական տեսքից:
«Այս պահի դրությամբ ես դեռ հստակ չեմ կարող ասել, օրերը կմոտենան, մի հատ էլ կհասկանանք` Ընտրական օրենսգիրքը կընդունվի, տեսնենք` ինչ տարբերակներ կառաջարկեն ու ըստ այդմ արդեն կկողմնորոշվենք մեր քաղաքական անելիքների հարցում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը:
Վերջինիս անորոշությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ-ն լքելուց հետո, կրկին ԱԺ պատգամավոր դառնալու համար նա պետք է ընդգրկվի այլ կուսակցության ընտրական ցուցակում:
Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր առաջադրվելու կապակցությամբ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Երբ որ տեսնեմ` ժողովուրդը եկավ դուռս հավաքվեց ու ասեց` դարձի Գյումրիի քաղաքապետ, ու ես տեսա, որ դա քաղաքականության համար չի արվում, այլ ճշմարտության համար, եւ ժողովուրդը ուզում է, որ ես ղեկավարեմ ու իրենց հոգսերը թեթեւացնեմ, էդ ժամանակ նոր կմտածեմ: Բայց ես ինձանով երբեք չեմ առաջադրվի»:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի աշնանը:




























