Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլուզված տան 5 բնակիչները արդեն մեկ շաբաթ է ապրում են իրենց հարազատների տանը: NEWS.am-ի հետ զրույցում Գոռավանի գյուղապետի տեղակալ Շահեն Հայրապետյանը նշեց, որ Պողոսյանների ընտանիքը դեպքի օրը, բարեախտաբար, տանը չի գիշերել: Սոցիալապես ոչ այնքան լավ պայմաններում ապրող ընտանիքը տան փլուզումից հետո, դեռ չգիտի, թե որտեղ է բնակվելու, Պողոսյաններն այժմ ժամանակավորապես բնակվում են հարազատների տանը: Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Պողոսյանը, դեպքի օրը եղել է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի, իսկ մյուս անդամները մայրը՝ Մելանյա Ղազարյանը, անչափահասներ Սերգեյ, Հրայր եւ Սոնա Պողոսյանները այդ օրը գիշերել են Մելանյայի հայրական տանը:
Շահեն Հայրապետյանի խոսքով, համայնքի ղեկավարը դեպքի մասին տեղեկացրել է Արարատի մարզպետարան եւ հավանաբար, Պողոսյանների ընտանիքին օգնություն կտրամադրվի: Ըստ նրա՝ տան փլուզման պատճառը, նախնական վարկածով, գազի պայթյունն է եղել:




























