Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 26-ամյա Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին երեկոյան իր տանը հորեղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ 0.5 լիտր տարողությամբ մեկ շիշ օղի միասին խմելուց հետո վերջինիս ուղեկցել է նրա բնակարան: Այստեղ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել՝ գնալու Գոռ Մարգարյանի տուն՝ իր տունը գրավադնելու եւ դրա դիմաց վերցրած վարկը չմուծելու պատճառով տան վրա բռնագանձում տարածելու հարցի շուրջ վիճաբանելու: Այդ ընթացքում հորեղբոր գնալը կանխելու համար Նարեկ Սարգսյանը վիճել է նրա հետ եւ բռունցքով մեկ անգամ հարվածել աջ աչքին, ապա բռունցքներով հարվածել կրծքավանդակին եւ ապտակել: Երեք օր անց Արմեն Սարգսյանն աջ աչքի շրջանում բռունցքի մեկ հարվածի արդյունքում ստացած եւ դրա հետեւանքով առաջացած ներգանգային ծանր մարմնական վնասվածքների արդյունքում զարգացած գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարման հետեւանքով իր բնակարանում մահացել է:
Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքից հետո արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է եղել կապտուկ: Հոկտեմբերի 16-ին ստացվել էր դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետեւանք է գանգուղեղի փակ վնասվածքի:
Պարզվել է, որ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում գլխին եւ մարմնի տարբեր մասերին ձեռքերով եւ ոտքերով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել 26-ամյա Նարեկ Սարգսյանը:




























