Եթե կա ընտրական գործընթացում տեխնիկական միջոցների ներդրման խնդիր, պետք է ուսումնասիրվի հարցը, միջազգային փորձը, քննարկումներ լինեն եւ այդ ամենի համատեքստում որոշում կայացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական Ընտրական հանձնաժողովի  նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» կուսակցության առաջարկներին՝ որոնք վերաբերում են ընտրական գործընթացի ժամանակ նորագույն տեխնիկական վերազինմանը:

ԿԸՀ նախագահը դժվարացավ ասել, թե որքանով է հավանական «Լուսավոր Հայաստանի» հինգ առաջարկներն իրականացնել  2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որով առաջարկվում է նորագույն տեխնիկական վերազինմամբ անցկացնել ընտրական գործընթացները:

Այդ առաջարկներից մեկն էլ օրինակ այն է, որ  ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում տեղադրվեն  համակարգչային տեխնիկա, որով անձի ինքնությունը կհաստատվի մատնահետքի եւ բիոմետրիկ քարտի միջոցով, իսկ ընտրողի լուսանկարն ու տվյալները տեղամասում տեղադրված էկրանի օգնությամբ տեսանելի լինեն դիտորդների եւ վստահված անձանց համար: Նաեւ հանրապետության բոլոր տեղամասերում տեղադրվեն էլեկտրոնային քվեատուփեր, որոնք ընտրությունների ընթացքում ավտոմատ կտեղեկացնեն մասնակցած ընտրողների թվի մասին, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո հրապարակեն դրանց արդյունքները եւ տպեն արձանագրություն:

«Եթե կա տեխնիկական միջոցների ներդրման խնդիր, պետք է ուսումնասիրվի հարցը, միջազգային փորձը, քննարկումներ լինեն եւ այդ ամենի համատեքստում հաշվի առնել, որ նման միջոցների տեղադրումը ենթադրում է ունենալ այլ միջոցներ: Ես թեեւ առաջարկներին ծանոթ չեմ, դժվարանում եմ ասել, պետք է մանրամասն ուսումնասիրելուց հետո ասել, բայց, իհարկե, հնարավոր է ունենալ  դրանք: Պարզապես պետք է մանրամասնորեն ուսումնասիրել` ինչ տեխնիկայի ներդրման մասին է խոսքը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի՞, թե լրիվ նորը գրվի, Մուկուչյանը պատասխանեց, որ դա օրենսդիր մարմնի գործն է, իսկ ԿԸՀ-ն օրենսգիրքը կիրառող մարմինն է եւ ոչ թե մշակողն ու ընդունողը: