Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի՝ քամու հասցրած վնասների դիմաց չփոխհատուցված բնակիչները բողոքում են, որ թեեւ մարզպետն իրենց հետ հանդիպելուց հետո խոստացել էր վերանայել վնասների չափը, բայց ոչ մի բան չի արվել:
«Եկել, նայել են մեկի տունը միայն, ում որ փոխհատուցել են: Չփոխհատուցված մարդկանց մոտ ոչ մեկ չի եկել, չի հետաքրքրվել, հույսները կորցրած նստել են մարդիկ»,- ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ ուժեղ քամին նոյեմբերի 14–ին մեծ ավերածություններ էր գործել հանրապետության մի քանի մարզերում՝ այդ թվում Ղազարավանում: Գյուղացիների մեծ մասը մինչեւ այժմ չի փոխհատուցվել վնասների դիմաց: Ղազարավանի գյուղապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը 40 գյուղացու անուն է ներկայացրել, փոխհատուցում է եկել միայն դրանցից 6-ի համար: Գյուղացիները դիմել են մարզպետարան, որտեղից պատճառաբանել են, որ փոխհատուցվել են նրանք, որոնց շինությունների 80 տոկոսից ավելին վնասվել է: Հանդիպման ժամանակ մարզպետը խոստացել էր, որ խումբ կժամանի գյուղ եւ կվերանայվի վնասների ցանկը:




























