Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասից վերջին 20 օրերին արդեն երկու կեղծ ահազանգ է եղել ՏԿԱԻՆ-ում: Թեեւ փրկարարները անմիջապես կռահում են, որ ահազանգը Անատոլի Դավթյանի բնակարանից է ու կեղծ, բայց ամեն անգամ գնում են ահազանգով:
«Վերջինը մեկ շաբաթ առաջ էր: Զանգում ա փրկարարներին, կամ գազի ծառայություն, ասում ա՝ գազս թողնում ա, հարեւանի տունը վառվում ա: Իրենք էլ ասում են՝ արդեն գիտեն, որ ինքն է ահազանգողը ու կեղծ է լինելու, բայց չեն կարա չգան»,- պատմեց թաղամասի բնակիչներից մեկը:
Անատոլի Դավթյանը նման ահազանգեր է անում արդեն երկու տարի՝ ամսվա մեջ մի քանի անգամ, երբ ալկոհոլի ազդեցության տակ է: 50-ամյա տղամարդը միայնակ է ապրում, ընտանիքի անդամները նրան լքել են ալկոհոլը չարաշահելու պատճառով:




























