NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հունվարի 14-ին, գիշերը «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության մասին:

Մեր տեղեկություններով՝ գիշերը Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է դիմել 30-ամյա Էրիկ Հ.-ն եւ հայտնել, որ դանակահարվել է Չարենց փողոցում: Ժամեր անց նույն հիվանդանոց է դիմել 35-ամյա Արմեն Մ.-ն: Նրանք երկուսն էլ այժմ անգիտակից վիճակում են:

Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն են դիմել նաեւ 29-ամյա Ռաֆայել Գ.-ն եւ Միհրան Մ.-ն: Վերջիններս հայտնել են, որ դանակահարվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացի մայթին՝ անհայտ անձի կողմից: Նրանք նույնպես այժմ անգիտակից վիճակում են:

Նախնական տեղեկություններով, սակայն, 4 երիտասարդներն էլ դանակահարվել են «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ: Ոստիկանությունից հաստատեցին դանակահարության փաստը:

Կատարվում է քննություն: