Ռուսաստանում կյանքը շարունակաբար թանկանում է: Ռուսաստանցիները, ինչպես նաեւ այդ երկրում գտնվող օտարերկրյա աշխատանքային միգրանտները ստիպված են ավելի շատ գումար ծախսել ապրանքների եւ ծառայությունների համար: Ռուսաստանում գտնվող մեր աշխատանքային միգրանտների ծախսերը, ինչպես կարելի է ենթադրել, հիմնականում սահմանափակվում են բնակարանի եւ առաջնահերթ ապրանքների ու ծառայությունների համար վճարով: Հատկապես պետք է առանձնացնել սննդի ծախսը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանում պարենային ապրանքները թանկացել են տարեկան կտրվածքով միջինը 19.1%-ով: Եթե որպես հաշվարկային կետ դիտարկենք 2013 թվականի դեկտեմբերը, ապա այդ ցուցանիշը կհասնի 31.6%-ով: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում Ռուսաստանում պարենային ապրանքները, պաշտոնական տվյալներով, թանկացել են գրեթե մեկ երրորդով: Ռուսաստանցի անկախ փորձագետները պնդում են, որ իրականում կյանքն ավելի շատ է թանկացել, քան պաշտոնական թվերն են մատնանշում: Ընդ որում, խնդիրը ոչ թե ցուցանիշները կեղծելու, այլ գների մոնիթորինգի նրբությունների մեջ է:

Երկնիշ գնաճը բազմաթիվ ռուսաստանցիների ստիպում է ամբողջ եկամուտը ծախսել ընթացիկ կարիքների համար՝ մոռանալով տնտեսելու մասին: Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարցման համաձայն, այդպիսի քաղաքացիների թիվը 2015 թվականին աճել է 50%-ով՝ ի տարբերություն 2014-ի 46%-ի: Աշխատանքային միգրանտների համար սա նշանակում է կարիքները հոգալու համար ծախսերի ավելացում եւ, համապատասխանաբար, հայրենիք ուղարկվող դրամական փոխանցումների գումարի կրճատում:

Աշխատանքային միգրանտների դժվարություններն այսքանով չեն ավարտվում: Վաստակած գումարը հայրենիք ուղարկելով՝ նրանք զգալի գումար են կորցնում ռուսական ռուբլու թուլացման պատճառով: Հիշեցնենք, որ այդ գործընթացը սկսվել է դեռեւս 2014 թվականին:

Որոշ վկայությունների համաձայն, անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 10%-ով: Պատճառը ռուսաստանցի մասնագետները համարում են վաստակածի զգալի կրճատմամբ: Բայց, ամենայն հավանականությամբ, դրանում մեծ դեր է ունեցել նաեւ Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնների խստացումը:

Հունվար-նոյեմբերի պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների վիճակը զգալիորեն վատթարացել է: Այդ թվում՝ այն ոլորտների, որոնցում հիմնականում զբաղված են աշխատանքային միգրանտները: Այսպես, շինարարության ֆիզիկական ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 9.9%-ով, իսկ մանրածախ առեւտրինը՝ 9.3%-ով: Այսինքն՝ աշխատանք գտնելու հնարավորությունները շատ ավելի քիչ են:

Իսկ ինչպիսի վիճակ է բնակարանի վարձույթի առումով: Վարձավճարի դինամիկան Ռուսաստանի տարբեր շրջաններում տարբեր է: Որոշ բնակավայրերում վարձավճարը նվազում է, իսկ որոշներում՝ բարձրանում: Ամեն ինչ կախված է կոնկրետ քաղաքից եւ շրջանից: