Հայաստանի առաջին խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի կունենան փետրվարի 14-ին: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հունվարի 14-ի իր նիստում:

Նոր համայնքապետեր ու ավագանիներ կընտրվեն Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում (Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Արժիս, Սվարանց, Խոտ, Տանձաթափ, Քաշունի գյուղեր), Տավուշի մարզի Դիլիջան համայնքում (Դիլիջան քաղաք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղեր), Լոռու մարզի Թումանյան համայնքում (Թումանյան քաղաք, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր գյուղեր):

Այդ համայնքներում ընտրությունների համար կհատկացվի 27 մլն դրամ: Հիշեցնենք, որ «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները կատարվել են 2015-ի նոյեմբերին, որը նախատեսում է համայնքների խոշորացման առաջին քայլերը: Ըստ այդմ, մեկ համայնքում կմիավորվեն 7-8 բնակավայրեր: