«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Իմ պաշտպանյալը պնդում է, որ որեւէ խաղադրույք չի կատարել եւ այնպիսի գործողություն չի կատարել, որը որեւէ աղերս կունենա քրեական գործ հարուցելու համար»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:
Փաստաբանը համոզված է, որ նախաքննության ժամանակ շատ հարցերի պատասխաններ կտրվեն. «Ես համոզված եմ, որ վերջինս չի կատարել այնպիսի արարք, որը համապատասխանում է Քրեական օրենսգրքին»:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:
«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:




























