Հաստատվել է  «Հյուսիս- Հարավ» մայրուղու հերթական` Լանջիկ-Գյումրի հատվածում հողի սեփականատերերին փոխհատուցման չափը: Այդ մասին հունվարի 14-ին որոշում է ընդունվել Հայաստանի կառավարությունում:

Փոխհատուցումը կտրամադրվի նոր հողատարածքի գնի չափով` ըստ շուկայական կամ կադաստրային արժեքի, գումարած 15 տոկոս, կամ էլ այն կփոխարինվի մեկ ուրիշ` տիրոջ համար ընդունելի հողատարածքով: 

Լանջիկ-Գյումրի հատվածը, որը 27,5 կմ երկարություն ունի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի սահմանը միացնում է Շիրակի կենտրոն Գյումրի քաղաքին  (հանրապետության մեծությամբ 2-րդը): 2 գծանի ասֆալտապատ ճանապարհը կվերակառուցվի որպես  4 գծանի բետոնապատ ճանապարհ: Նախագիծը կֆինանսավորվի Ներդրումների եվրոպական բանկի  60 մլն եվրո արտոնյալ վարկով:

«Հյուսիս – Հարավ» 4-գծանի բետոնապատ ավտոմայրուղին կկրճատի իրանականից վրացական սահմանին հասնելու ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը` ներկայիս   556-ից մինչեւ 495 կմ, մի շարք լեռնային հատվածների հարթեցման եւ նոր, ավելի ուղիղ հատվածների կառուցման շնորհիվ  (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, անտեղից էլ` մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ  960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է  (մոտ 500 մլն դոլար):