Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ նախաձեռնել է «100 գաղափար Հայաստանի համար» անունը կրող ծավալուն ծրագիրը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

Այդ ծրագրի օգնությամբ մրցութային հիմունքներով Հայաստանի տարբեր ծայրերից ընտրվելու է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրագործելու համար 100 նորարարական գաղափար։ «Անկասկած վերջին տարիներին Հայաստանը նորարարության ոլորտում մի շարք հաջողություններ է գրանցել, բայց այդ հաջողությունները մեծամասամբ վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաներին»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրով նախատեսվում է առնվազն 3,4 կամ 5 գաղափար ստանալ, որոնց իրագործումը երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներն ավելի մրցունակ կդարձնի նաեւ միջազգային տեսակետից։ Մրցույթի պայմանները ներկայացնող ողջ փաթեթը կներկայացվի ապրիլի սկզբին։ «2015թ. Հայաստանը՝ ի դեմս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, նախագահում էր ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդում։ Մենք այդ գաղափարն առաջ ենք քաշել նաեւ ԱՊՀ մակարդակով, մասնավորապես այս տարի փոքր մասշտաբներով կիրականացվի «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ծրագիրը»,- հավելել է Արսեն Քարամյանը։