«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանն առաջիկայում ցուցմունք կտա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Իմ պաշտպանյալն ինձ հետ զրույցում հավաստիացրել է, որ ինքն այդ խաղի հետ կապված որեւէ խաղադրույք չի կատարել, առաջիկայում այդ մասին նա ցուցմունք էլ կտա»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու են Սիմոնյանին մեղադրանք առաջադրել, եթե որեւէ ապացույց չկա մարզչի դեմ, Լեւոն Բաղդասարյանն արձագանքեց. «Կալանավորել եւ մեղադրանք առաջադրել դեռեւս չի նշանակում, որ նա մեղավոր է կամ իր դեմ կա ապացույց: Հետեւենք նախաքննության ընթացքին եւ շատ հարցերին պատասխան կստանանք»:

Փաստաբանը տեղյակ չէ նաեւ, թե կոնկրետ ով է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվել: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է հաղորդում ներկայացրել, Բաղդասարյանի խոսքով, Հայրապետյանը լիազորություն ունի՝ նման հայտարարություն անելու:

«Սակայն չգիտեմ՝ նա է դիմել իրավապահ մարմիններին, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

 «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված  են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: