2015-ին Ադրբեջանի տնտեսության մեջ կապիտալ ներդրումները կազմել են 15 մլրդ 957 մլն մանաթ (1 դոլարը մոտավորապես 1,6 մանաթ է անում): Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Վիճակագրության պետական կոմիտեին:
2014 թվի արդյունքներով Ադրբեջանում կապիտալ ներդրումները կազմել են 17 մլրդ 615,8 մլն մանաթ: Այսպիսով` 2015-ին կապիտալ ներդրումների ծավալը կրճատվել է 9,4 տոկոսով:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, 2015-ին կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալից 9 մլրդ 877,4 մլն մանաթ (բոլոր ներդրումների 61,9 տոկոսը) ուղղվել է արտադրական նշանակության օբյեկտներին, 5 մլրդ 42,4 մլն մանաթ (բոլոր ներդրումների 31,6 տոկոսը) ծառայության ոլորտների օբյեկտների կառուցմանը, 1 մլրդ 37,2 մլն մանաթ (ներդրումների 6,5 տոկոսը) ընդհանուր 1 մլն 927,2 հազար քառակուսի մետր մակերեսով բնակտարածքի կառուցմանը:
Հաշվետու տարում հիմնական կապիտալում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 7 մլրդ 21,08 մլն մանաթ (բոլոր ներդրումների 44 տոկոսը), ներքին ներդրումներինը` 8 մլրդ 935,92 մլն մանաթ (բոլոր ներդրումների 56 տոկոսը):
Հաշվետու ժամանակահատվածում շինարարա-մոնտաժային աշխատանքներում կապիտալ ներդրումները կազմել են 11 մլրդ 728,4 մլն մանաթ կամ բոլոր կապիտալ ներդրումների 73,5 տոկոսը:



























