Հունվարի 6-ին լոգարանում լողանալիս մահացած, Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 20-ամյա բնակչուհի Եսենյա Թովմասյանը, ըստ ծնողների,  գրիպ է եղել եւ լողանալիս խիտ գոլորշուց շնչահեղձ է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Արմավիր գյուղի գյուղապետ Արթուր Ավետիսյանը, որի խոսքով` աղջիկը 5-6 օր բարձր ջերմությամբ պառկած է եղել, առաջին օրերին Եսենյան 40 աստիճան ջերմություն է ունեցել, հազացել է, այնուհետեւ քիչ-քիչ ջերմությունն իջել է, դեպքի օրը իրեն համեմատաբար լավ է զգացել եւ որոշել է լողանալ: Գյուղապետի խոսքով, Եսենյա Թովմասյանի ծնողները կարծում են, որ իրենց աղջկա մահվան պատճառը գրիպի բարդացումն է եղել։ Նշենք, որ իրենք` ծնողները, հրաժարվում են լրատվամիջոցների հետ զրուցել։

«Ինքը գրիպ է եղել, լոգարանում էլ խիտ գոլորշի է եղել, երեւի չի դիմացել, շնչահեղձ է եղել: Նա նաեւ փսխել է, մեջքի վրա  ընկած են գտել, ծնողներն ասում են, որ դռան մոտ է ընկած եղել, երեւի ուզեցել է դուրս գալ լոգարանից, չի հասցրել: Ծնողները նրան մեկ ժամից են լոգարանում հայտնաբերել»,- ասաց Արթուր Ավետիսյանը` նշելով, որ աղջկա մահվան իրական պատճառը պարզ կլինի միայն եզրակացությունից հետո: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում հունվարի 6-ին լոգարանում լողանալիս մահացել է գյուղի 20-ամյա բնակչուհի Եսենյա Թովմասյանը: Եսենյա Թովմասյանը եղել է տան փոքր երեխան, ունի իրենից մեծ եղբայր: Նա սովորում էր ԵՊՀ ռուս բանասիրության բաժնում: Գյուղապետի խոսքով, Եսենյան ընկեր ուներ, նրանք շուտով պետք է նշանվեին: