Սաղմոսավանքի հարեւանությամբ, Քասախի ձորի պռնկին գտնվող հողատարածքը, որը նախօրեին կառավարության որոշմամբ տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն, օգտագործվելու է մշակութային, սոցիալական, կրթական կենտրոն կառուցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Արագածոտնի թեմն է նման նախաձեռնությամբ հանդես եկել: Վանքի հարակից տարածքում կառուցվելու է մշակութային, սոցիալական, կրթական կենտրոն: Լինելու է այնպիսի կենտրոն, ինչպիսին «Հայորդաց տունն» է»,- ասաց տեր Վահրամը:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա տեր Վահրամի խոսքով, արդեն կան բարերարներ, որոնք պատրաստակամություն են հայտնել՝ կենտրոնի կառուցմանն աջակցելու համար:
Նշենք, որ կառավարությունը հունվարի 14-ին կայացած նիստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով անհատույց 0,4 հա հողամաս հատկացրեց: Խոսքը Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից մի մասը հատկացնելու մասին է: Ըստ որոշման, նշված տարածքը չի օգտագործվում, դատարկ է, համայնքը մշակույթի կենտրոն չունի, եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն:




























