2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը:

ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, եւ այս տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների եւ թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին:

ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը ամենաուժեղն էր ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առեւտրի եւ ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է եւս մեկ ուշագրավ տարի բանկերի հետ համագործակցության ոլորտում՝ առեւտրի ֆինանսավորում տրամադրելով Հայաստանի կորպորատիվ հատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը եւ օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաեւ ոլորտի կանսոլիդացիային: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մասնակցել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:

Առեւտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առեւտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար: Կենտրոնանալով հանրային ռեսուրսների էկոլոգիապես մաքուր եւ կոմերցիոն եղանակով տրամադրման վրա՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու մունիցիպալ ծրագիր Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Երեւանի կոշտ թափոնների ծրագիրը ներառում է դրամաշնորհային աջակցություն Եվրոպական միության կողմից, իսկ Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիրը ստացել է E5P հիմնադրամի առաջին դրամաշնորհը Հայաստանում:

Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության եւ Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետեւողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական եւ ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների եւ բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետեւողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»:

2015թ.-ին ՎԶԵԲ-ը նաեւ հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները եւ տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները եւ առեւտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

«Թեեւ 2016թ.-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնում Հայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման եւ մասնավոր կապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միեւնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների, այդ թվում կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների եւ դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ. արդյունավետ տարի դարձնել», - շարունակել է պարոն Դեյվիսը:

1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում: