Երեւանի «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ հունվարի 14-ին տեղի ունեցած դանակահարության դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հայտնի է դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը: Նա Արագածոտնի մարզից է: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 14-ի գիշերը Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է դիմել 30-ամյա Էրիկ Հ.-ն եւ հայտնել, որ դանակահարվել է Չարենց փողոցում: Ժամեր անց նույն հիվանդանոց է դիմել 35-ամյա Արմեն Մ.-ն: Նրանք երկուսն էլ այժմ անգիտակից վիճակում են:
Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն են դիմել նաեւ 29-ամյա Ռաֆայել Գ.-ն եւ Միհրան Մ.-ն: Վերջիններս հայտնել են, որ դանակահարվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացի մայթին՝ անհայտ անձի կողմից: Նրանք նույնպես այժմ անգիտակից վիճակում են:
Նախնական տեղեկություններով, սակայն, 4 երիտասարդներն էլ դանակահարվել են «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ: Ոստիկանությունից հաստատեցին դանակահարության փաստը:
Կատարվում է քննություն:




























