2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղեւոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը` ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն եւ Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առեւանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի` Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հետագայում քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:
Շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:




























