Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցած հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին, «ոչ մի տեղ հնարավոր չէր օրինական եղանակով ԱՄՆ-ի դոլար ձեռք բերել»: Միայն Բաքվի մի բանկում էին դոլար եւ եվրո վաճառում, եւ «հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել տարադրամ գնելու համար»: Գնման սահման գոյություն ունի` յուրաքանչյուր գնորդին 500 դոլարից ոչ ավելի:
Դոլարի եւ եվրոյի վաճառքի սահմանափակումների պատճառով ակտիվացել է «տարադրամային սեւ շուկան»: Համաշխարհային տարադրամի նկատմամբ նման աժիոտաժային պահանջարկի պատճառները չեն նշվում: Բայց պարզ է, որ մանաթով խոշոր գումարներ ունեցողներն ուզում են իրենց կապիտալը պահել վստահելի տարադրամով:
Ադրբեջանցի անկախ փորձագետներն ուղիղ մեկ տարի առաջ զգուշացնում էին երկրի պետբյուջեի համար նավթի համաշխարհաին գների նվազման բացասական հետեւանքների մասին: Նրանց հաշվարկներով, Ադրբեջանը կարող էր զրկվել իր եկամուտների կեսից, եթե նավթի համաշխարհաին գները մեկ բարելի դիմաց 40 դոլարի սահմաններում չլինեին: Այժմ, ինչպես հայտնի է, Brent նավթի գինը տատանվում է մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակում, եւ շատ փորձագետներ նրա հետագա անկում են կանխատեսում: Հիշեցնենք, որ ադրբեջանական Azeri light նավթը (որի գինը որոշվում է Brent ապրանքանիշի նավթի գնից ելնելով) սկսել էր էժանանալ դեռեւս 2014-ի հուլիսից:
Ներքոբերյալ գրաֆիկում ներկայացված է ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ադրբեջանական մանաթի փոխարժեքի դինամիկան ամեն ամսի 15-ի վիճակով: Ինչպես տեսնում ենք, հունվար-մարտին մանաթի արժեզրկումից հետո ընդհուպ մինչեւ դեկտեմբեր երկրի իշխանությունները ձգտել են պահպանել մանաթի փոխարժեքը, ինչի համար տարադրամային շուկայում զանգվածային միջամտություններ են կատարվել: Միայն անցյալ հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ նպատակի համար 6,74 մլրդ դոլար է ծախսվել կամ էլ Ադրբեջանի Կենտրոնական բանկի ոսկու պաշարի գրեթե կեսը: Սակայն, չնայած այդ միջոցներին, անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական տարադրամը բառացիորեն փլուզվեց:
Ներկայումս իշխանությունները մանաթի փոխարժեքի իջեցմամբ փորձում են գոնե մասնակիորեն փոխհատուցել նավթի համաշխարհային գների անկումից պետբյուջեի վնասները: Միաժամանակ, ԱՄՆ դոլարի եւ եվրոյի վաճառքի խիստ սահմանափակմամբ ջանում են պահպանել ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ երկրի առեւտրական բանկի տարադրամային պահուստները Եթե նավթի համաշխարհային գնի հետագա նվազման վերաբերյալ փորձագետների վատագույն կանխատեսումներն իրականանան, մանաթի հետագա անկումն անխուսափելի է:




























