DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 եւ ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494  ընտանիք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգնությունը հատկացվում է անվճար եւ բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների եւ բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ տարածքային մարմինների եւ ըստ հասցեների ձեւավորված օգնության բաշխման ցուցակների միջոցով:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխատողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը եւ իր անձնագիրը:

Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքը սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով գործակալություն կամ բաժին կներկայացնի իր եւ շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաեւ նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող  ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

Ցուցակներում ընդգրկված ընտանիքների օգնության բաշխման ժամկետների եւ պայմանների մասին իրազեկումը կիրականացնեն տարածքային գործակալությունները եւ բաժինները` օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված N 1532-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: