Հայ ազգը մեծ տերություններ ձեռքում շարունակում է մնալ խաղաքարտ եւ միշտ տուժում է: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այն հայտարարությանը, թե Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել:

«Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր թուրքերին, որ ռուս ժողովուրդը թուրքերի դեմ ոչինչ չունի, Թուրքիայի եւ ռուսաստանի հարաբերությունների վատթարացումն ընդամենը Թուրքիայի ղեկավարության սխալ վարվելակերպն էր: Հայ ազգը դեռ շարունակում է մեծ տերությունների ձեռքում լինել խաղաքարտ եւ մեր իշխանությունները պետք է այնպես անեն, որ մեծ քաղաքականության դաշտում դադարենք օբյեկտ լինելուց եւ դառնանք սուբյեկտ»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված Համայն Ռուսիո պատրիարքի հարցազրույցը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում։ Դրանից հետո պատրիարքի մամլո խոսնակ Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հարցազրույցի տվյալ հատվածի մեկնաբանությամբ: Նրա խոսքով, Կիրիլ պատրիարքը որպես օրինակ է բերել Օսմանյան կայսրությունը, որի պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ գործող կարգերն ապահովում էին կրոնական փոքրամասնությունների համեմատական անվտանգությունն ու կյանքի կայունությունը:

Նա նշել է, որ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս արտահայտվել է պաշտոնական հայտարարություններով, պատրիարքի ելույթներում, ինչի վառ ապացույցն է, մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը: