Արտահանման խթանման արդյունավետությունը կախված է ռուսական ռուբլու փոխարժեքից. եթե ռուբլու փոխարժեքը բարձր է, ակնհայտ կլինի այդ ուղղությամբ կառավարության միջոցառումների արդյունքը, բայց եթե արժեզրկվի,  չենք ունենա այն արդյունքը, որը  սպասում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՊ գործարանի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն` անդրադառնալով արտահանման խթանման ուղղված կառավարության նախաձեռնած վերջին քննարկումներին: 

«Արտահանման խթանումը փոխկապակցված խնդիրների շարան է, եւ պետք է իմանանք, թե որ խնդիրը լուծելով` ինչ արդյունք ենք ունենալու, շուկայում ինչ տեղ ենք գրավելու եւ այդպես շարժվել առաջ: Այս վիճակով շարունակելն արդեն անհնար է, անպայման, ինչ-որ քայլեր պետք է արվեն»,-ասաց պատգամավորը:

Մեր հարցին, թե  արտահանման ծավալները մեծացնելու համար կոնկրետ ինչ խթանիչների մասին է քննարկվում այժմ, պատգամավորը նշեց, որ, օրինակ,  գյուղացիներին տրվող վարկերի սուբսիդավորման մասին կարող է լինել խոսքը:

«Օրինակ, կառավարությունը կարող է գյուղացիական վարկերը սուբսիդավորել 5-6 տոկոսով, ասենք, վարկը տրամադրվի ոչ թե 8 տոկոսով, այլ 5: Խթանիչներից է  էժան պարարտանյութը, էժան վառելիքը: Այսինքն, գյուղացին նույն բերքը պիտի ստանա ցածր գնով, որը կբերի ինքնարժեքի նվազման: Բացի այդ, գործարարներին կարող են արտահանման համար դոտացիա տրամադրել, այս հարցերը դեռ քննարկվում են»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` վարչապետի նախաձեռնած քննարկումները դեռ գործընթացի մեջ են եւ մինչեւ չդառնա կոնկրետ ծրագիր, դրա արդյունավետության մասին հստակ խոսելը վաղ է:

«Պիտի Ռուսաստանում ռուբլին կայունանա, որ մենք մեր միջոցառումների շրջանակը դնենք այդ հարթության մեջ ու արդյունքը տեսնենք: Արտահանման խթանման արդյունավետությունը կախված է ռուսական ռուբլու փոխարժեքից: Եթե ռուբլին բարձր է, կտեսնենք  ռեալ արդյունքը, բայց եթե արժեզրկվի, մենք չենք ունենա այն արդյունքը, որը սպասում ենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 3-ից կառավարությունում սկսվել են արտահանման խթանմանը նվիրված քննարկումները: Մինչդեռ նույն վարչապետի կուսակից պատգամավորները, որոնք զբաղվում են գործարարությամբ, արտահանման աճի խոչընդոտների մասին խոսելիս` ընդգծում են, որ դրանց վերացման ուղղված քայլերը երկար ու տեւական գործընթաց են եւ որպեսզի 2016-ի համար արդյունքը նկատելի լիներ, դրանք պետք է ավելի վաղ սկսվեին:

Օրինակ, Ալեքսան Պետրոսյանը մեզ հետ զրույցում  դեռեւս տարեվերջին  խոսելով արտահանման ծավալների անկման մասին, ինչն օրինակ իր ընտանիքին պատկանող գործարանում  արձանագրվել էր 50 տոկոսով, ներկայացրել էր հենց լոլիկի օրինակով: Նա նշել էր, որ հայկական լոլիկի ինքնարժեքը բարձր է եւ անգամ մեծ ծավալով արտահանելու դեպքում այն իրացնելը բարդ է: «Շուկա շատ կա, բայց մենք պետք է ուսումնասիրենք` մեր ապրանքը մրցունա՞կ է, թե ոչ: Եթե մեր լոլիկը ռուսական շուկայում երեք անգամ ավելի թանկ է, քան Չինաստանից ու Արգենտիայից բերածը, ինչ կապ ունի` տեղ կա, թե չկա: Ոչ ոք պատրաստ չէ նույն բանջարեղենի համար 2-3 անգամ ավել վճարել»,-ասել էր Պետրոսյանը: