Վրաստանի, Ռումինիայի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարները սեպտեմբերի 13-ին հավաքվել են Բաքվում՝ քննարկելու AGRI (Azerbaijan-Georgia-Romania Interconnector) նախագծի շուրջ Բաքվի հռչակագրի նախագիծը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, փաստաթղթի ստորագրումը նախատեսված է սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի նախագահների կողմից:

Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Իոն Արիտոնը հայտարարել է, թե տվյալ նախագիծը թույլ կտա Ռումինիային դիվերսիֆիկացնել էներգակիրների տարանցումը: Նախագիծը բաց է պոտենցիալ ներդրողների համար:

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդ Խետագուրին իր հերթին նշել է, որ նախագիծը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ մշակում, ներդրողների ներգրավում եւ շինարարություն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանը, Ռումինիան եւ Ադրբեջանը մայիսի 12-ին ստորագրել են այդ նախագծի իրականացման համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ արձանագրությունը: Ապրիլի 13-ին հուշագիր էր ստորագրվել հեղուկ գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նախնական գնահատականով, նախագծի արժեքը կազմում է 4-6 մլրդ դոլար: