Ռուսաստանի մանրածախ առեւտրում գրեթե նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Հիշեցնենք, որ անցյալ տարվա արդյունքներով, մեր երկրում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է:

Ռուսաստանյան որոշ փորձագետներ մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալներում այժմյան անկումը բացատրում են 2014 թվականին ապրանքների վաճառքի բումով: Այն ժամանակ ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու փոխարժեքի հետեւողական անկումը, ավելացող գնաճը խթանեցին երկարատեւ օգտագործման ապրանքների պահանջարկը:

Ռուսաստանցիները, փորձելով փրկել իրենց խնայողությունները, ավտոմեքենա էին գնում, կենցաղային տեխնիկա եւ նույնիսկ... թանկարժեք ժամացույց: Ի դեպ, Հայաստանում երկարատեւ օգտագործման ապրանքների մեծ պահանջարկ էր նկատվում 1993 թվականին, մինչեւ նոյեմբերին ազգային արժույթին՝ դրամին անցումը: Նշված ժամանակահատվածում խորհրդային ռուբլին կտրուկ արժեզրկվում էր, նույնքան կտրուկ (բառացիորեն ամեն օր) ազատ շուկայում աճում էին գները:

Արդյունքում նշված ապրանքների պարագայում ռուսաստանցիների ապագա պահանջարկն իրացվեց 2014 թվականին, ինչը հանգեցրեց ապրանքաշրջանառության անկման 2015-ին: Միաժամանակ, ապրանքների վաճառքը կրճատվեց նաեւ գնաճի երկնիշ տեմպերի հետեւանքով (տարեկան կտրվածքով՝ 15.5%)՝ զգալիորեն առաջ անցնելով միջին ամսական անվանական աշխատավարձի աճից (4.6%):

Այս դեպքում շարքային քաղաքացիները ստիպված էին առաջին հերթին մտածել սննդի եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների ծախսերի մասին: Նշենք, որ «միջին» ռուսաստանցու իրական վճարունակության նվազումն արտացոլվեց նաեւ այդ երկրում հայկական կոնյակի սպառման վրա, որն ավանդաբար դեպի Ռուսաստան մեր արտահանման մեջ առաջատար տեղ է զբաղեցնում:

Սմբատ Գրիգորյան