Ծովային երկփեղկանի Arctica islandica կաղկամորթը, որը բնակվում է Ատլանտյան ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերում, ըստ երեւույթին Երկիր մոլորակի ամենաերկարակյաց արարածն է, նա կարող է ապրել 500 տարի: Time ամսագիրը իր վերջին համարում ամենաերկարակյաց օրգանիզմների ցանկի առաջին տեղը հատկացրել է հենց այս կակղամորթին, որի չափերը չեն գերազանցում մեծահասակ մարդու բռունցքը:
Որոշ հետազոտողներ կարծում են,որ այս կակղամորթի երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա կարողաանում է քայքայումից պաշտպանել այն պրոտեինները, որոնցից բաղկացած է իր մարմինը: Պաշտպանության այդ մեխանիզմն ուսումնասիրելու դեպքում հնարավոր է ճանապարհ հարթել Ալցհեյմերի եւ տարիքով պայմանավորված այլ հիվանդությունների բուժման համար:
Ցանկում երկրորդ տեղում գրենլանդական կետն է, որի կյանքի տեւողությունը կարող է 200 տարու հասնել: Այս կաթնասունի առանձնահատկությունն այն է, որ նրա, ինչպես եւ փղի մոտ գրեթե երբեք քաղցկեղ չի զարգանում:
Երրորդ հորիզոնականը կիսել են հսկայական կրիաները՝ մինչեւ 100 տարի կյանքի տեւողությամբ ու կարմիր ծովային ոզնիները, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում: Հետազոտողների կարծիքով նրանց երկարակեցության գաղտնիքը վերականգնվելու ունակությունն է:
Չորրորդ տեղում են փղերն ու թութակները, որոնք կարող են ապրել մինչեւ 70 տարի: Ամենաերկարակյաց թռչունը կակապո տեսակի նորզելանդական թութակն է համարվում, որն ապրում է շուրջ 90 տարի: Հետազոտողները կարծում են, որ նրանց երկարակեցությունը պայմանավորված է կյանքի դանդաղ ցիկլով:





























