Հայաստանում մասնավոր կապիտալով երկու նոր ջերմային կայանի կկառուցվի՝ Երեւանում եւ Վանաձորում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Moody's միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ռիսկերի գնահատման ստորաբաժանման կառավարող տնօրեն Դիտմար Հորնունգը, փոխնախագահի օգնական, վերլուծաբան Սեբաստիան Բեքերը, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան  Էռնեստ Սերգենտին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները։

Ե. Զախարյանը նշել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է ֆինանսական կայուն վիճակում։ Դրան նպաստել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու վերջինիս կողմից իրականացված միջոցառումները։ Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված 11,2 տոկոսին։

Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում  ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։ Դրան զուգահեռ Հայաստանը պատրաստվում է մինչեւ 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։ Այդ նպատակով աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ ներգրավելու համար։

Բացի այդ, սպասվում է երկու նոր ջերմային կայանի կառուցում՝ Երեւանում եւ Վանաձորում, որոնք եւս պետք է իրականացվեն մասնավոր կապիտալով։

Ե. Զախարյանը հյուրերին տեղեկացրել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես ակնկալվում է մինչեւ 200 մեգավատ հզորությամբ քամու, 40-50 մեգավատ հզորությամբ՝ արեւային կայանների եւ 120 մեգավատ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցում։ Դրանով Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա։

Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերին, նախարարը խոսել է Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին, որոնք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների եւ միջանցքի ձեւավորման համար։