Վերջին տարիներին Վրաստանում ազգային, կրոնական, ինչպես նաեւ սեռական փոքրամասնությունների դեմ ատելություն սերմանող հայտարարությունների եւ բռնությունների թիվը աճել է: Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի կազմում գործող Այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի մասնագետների պատրաստած զեկույցում, որը հրապարակվել է մարտի 1-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Զեկույցում նշվում է, որ թեեւ այս ոլորտում Վրաստանը որոշակի առաջընթաց է ապահովել՝ այնուհանդերձ, իշխանությունների արձագանքը վերը հիշատակված դեպքերին համարժեք չէ:
Զեկույցը, որն ամփոփում է 2010-15 թվականներին Վրաստանում տեղի ունեցած զարգացումները, բավական մանրամասնորեն անդրադառնում է վիրահայության եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին առնչվող մի շարք միջադեպերին:
Մասնավորապես, զեկույցում նշվում է. «2014 թվականի հուլիսին Թբիլիսիում մարդկանց մի խումբ հարձակում գործեց հայ հոգեւորականի վրա եւ պոկեց նրա վզից կախված խաչը: Միջադեպը տեղի էր ունեցել մեքենայի կայանման շուրջ վեճի պատճառով: Վկաները, սակայն, պնդում էին, որ հարձակվողները հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս: Ոստիկանությունը հետաքննեց միջադեպը առանց տեղի ունեցածի կրոնական դրդապատճառները դիտարկելու»:
Փաստաթղթում չի շրջանցվում նաեւ Վրաստանի տարածքում գտնվող վիճելի եկեղեցիների հարցը: «Քրիստոնեական մեկ եկեղեցու փաստացի մենաշնորհը կառուցողական կրոնական բազմակարծության ավանդույթի ի հայտ գալուն չի նպաստել: Դա աչքի է զարնում հատկապես կրոնական շինությունների` նախկին սեփականատերերին վերադարձի մինչ օրս չլուծված խնդրին առնչվելիս: Ի դեպ, այդ շինություններից շատերը այժմ Վրաց ուղղափառ եկեղեցու տնօրինության ներքո են: Հայ Առաքելական եկեղեցին, օրինակ, թվով վեց եկեղեցիների վերադարձն է պահանջում», - նշված է զեկույցում:
Եվրոպայի խորհրդի փորձագետներին հաջողվել է այս առթիվ ստանալ նաեւ Վրաստանի կառավարության պաշտոնական մեկնաբանությունը, այդ համատեքստում քննարկման առարկա դարձնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու` Վրաստանում ունեցած իրավական կարգավիճակի հարցը:
«Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը (եկեղեցիների վերադարձի) խնդրում որեւէ նշանակություն չունի: Խնդիրը շատ ավելի նուրբ եւ համալիր բնույթ ունի: Պետությունը զերծ է մնում տարբեր կրոնական խմբերի հարաբերություններին միջամտելուց եւ գերադասում է չեզոքություն պահպանել: Բացի այդ, Վրաստանի կրոնի հարցերի գործակալությունը որեւէ ապացույց կամ տեղեկատվություն չունի առ այն, որ (վիճահարույց) շինություններից որեւէ մեկը պատմականորեն պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն», - նշված է Վրաստանի կառավարության` Եվրոպայի խորհուրդ ուղարկած պաշտոնական պարզաբանման մեջ:




























