Համարվում է, որ որքան փոքր է սպառողական ծախսերում պարենամթերքի մասնաբաժինը, այնքան բարձր է բնակչության բարեկեցության մակարդակը: Չէ՞ որ այդ դեպքում ավելի շատ գումար է մնում ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների համար (այդ թվում՝ կրթության, հանգստի, տուրիզմի եւ այլնի):
Բյուջետային հետազոտությունների համաձայն, Հայաստանի բնակչության սպառողական ծախսերում պարենամթերքի մասնաբաժինը 40%-ից քիչ ավելի է: Նախ նշենք, որ սա միջին մեծություն է:
Ռուսական «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության՝ 2014 թվականի տվյալների համաձայն, աշխարհում այդ հարաբերակցության հարցում առաջատարը Լյուքսեմբուրգն է՝ 9%-ից քիչ պակաս: Բայց համեմատենք նաեւ հետխորհրդային տարածքի այլ պետությունների հետ: Օրինակ՝ Ռուսաստանում պարենամթերքի ծախսերի մասնաբաժինը կազմում է 28.5%, ինչը նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում վարկանիշի առաջին հորիզոնականներում է: Հավելենք, որ այս առումով մենք առաջ ենք անցնում միայն Ղազախստանին (գրեթե 42%) եւ Ուկրաինային (ավելի քան 55%):
Բայց «հպարտության» համար հիմք ունենք, այսպես կոչված «վնասակար սովորույթների» հետ կապված ապրանքների մասով՝ ալկոհոլի եւ ծխախոտի: Սպառողական ծախսերում մոտավորապես 4,7% բաժնով մենք գերազանցում ենք լիդերին՝ Լյուքսեմբուրգին, իր չնչին 1,4%-ով: Բայց դա չի նշանակում, որ մենք երեք անգամ ավելի ենք ծխում ու խմում: Ուղղակի եկամուտները (այստեղից էլ ծախսերը) մեզ մոտ անհամեմատ քիչ են: Օրինակ, նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է (համարժեքով) մոտ 100 եվրո, իսկ Լյուքսեմբուրգում՝ 2 հազար եվրո է:
Առանձնահատուկ հարց է սննդի կառուցվածքն ու որակը (էներգետիկան, սպիտակուցների, ճարպերի եւ վիտամինների պարունակությունը): Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղի պարենամթերքի ընտրանու համաձայն, օրական էներգետիկայի ավելի քան 60%-ն ապահովում է հացամթերքը: Բայց այն ավելի էժան է, քան սննդային առումով ավելի արժեքավոր մթերքները, ասենք՝ մսամթերքը, ձկնամթերքը եւ այլն:
Այսպես, անցյալ տարվա IV եռամսյակի արդյունքներով, պարենային զամբյուղի արժեքում «միայն» 32%-ն է բաժին ընկել հացամթերքին: Հավելենք, որ բնակչության մեկ շնչին բաժին հասնող միջին օրական նորման կազմում է 48 գրամից քիչ ավելի մսամթերք եւ 2.5 գրամ ձկնամթերք: Այս թվերն արտացոլում են երկրում պարենամթերքի հետ կապված իրական վիճակը եւ, թերեւս, մեկնաբանությունների կարիք չկա:
Սմբատ Գրիգորյան





























