Աշ -Շադդադիից ոչ հեռու, որտեղ հիմա միայն ավերականեր են, մի ճամբար կար, որտեղ ԻՊ-ն երեխաների էր մարզում առաջնագիծ ուղարկելու համար: Այդ ճամբարի սաները կոչվում էին «խալիֆայության կորյուններ»
Ալին, որը տասնհինգ տարեկան է, պատմել է ճամբարի կարգերի մասին: Երբ ԻՊ զինյալները հեռացել են քաղաքից, նա ծնողների հետ վերադարձել է Աշ Շադդադի: Որոշ ժամանակ ընտանիքը ապրում էր ահաբեկիչների վերահսկողության տակ, եւ ստիպված է եղել Հասակու փախչել, քանի որ տղան հրաժարվում էր անդամագրվել «Խալիֆայության կորյուններին»: Դեռահասի խոսքով, իր հասակակիցներից շատերը հիմա շարունակում են մարտնչել այդ ջոկատում: Ալին պատմել է, թե ինչպես էին զինյալները վարվում այն ծնողների հետ, որոնք թույլ չէին տալիս, որ իրենց երեխաները այդ ջոկատ մտնեն
«Հայրերին կալանավորում էին: Ենթադրենք ես ուզում եմ նրանց հետ մարտնչելու գնալ, իսկ հայրս արգելում է ինձ: Ես նրանց բողոքում եմ՝ հորս ձերբակալում են, պատժում, երբեմն էլ մահապատժի ենթարկում: Նրանք ամեն ինչից իրենց օգուտն են քաղում»,- պարզաբանել է Ալի Աբդուլան:
Իր ընկերոջ՝ Մուհամեդի հետ Ալին LifeNews–ի լրագրողներին ուղեկցել է այն մզկիթ, որտեղ երեխաների գաղափարախոսական դաստիարակության առաջին փուլն էր անցնում: Մուհամեդ Նուրային նույնպես մտադիր էին առաջնագիծ ուղարկել:
Երեխաների խոսքով, իրենց զինվորական ճամբարներ էին հավաքագրում հենց փողոցից՝ առաջին հայացքից միանգամայն անմեղ ձեւով: Հիշեցնենք, որ ահաբեկիչները հենց իրենք են համացանցում տեսահոլովակներ տեղադրում, որտեղ երեւում է, թե ինչպես են նրանք իրենց հետեւից երեխաների բազմություն տանում: Կողքից դա անմեղ մարզանքի տպավորություն է թողնում:
Բայց ԻՊ կարգախոսների ներքո զբոսանքներից, երգ ու պարից հետո երեխաներին սկսում էին աստիճանաբար ռազմական հմտություններ ներարկել:
«Այստեղ մի մարոկացի էր դասավանդում: Բացատրում էր, որ ջիհադը միայն «կալաշնիկովը» ձեռքը վերցնելն ու մարտնչելը չէ: Ջիհադն այն է, երբ մի լիտր վառելիք ես վերցնում ու այրում անհավատների տները,- հիշում է Ալին,- Նրանք մարդկանց փողոցներում կոչ էին անում՝ ով վեց տարեկանը լրացած երեխա ունի, թող բերի մարզվելու»:
Անչափահասների նախապատրաստման ճամբարներ ԻՊ –ում մի քանիսն էին: Քանի որ յուրաքանչյուր վիլայեթություն ձգտում էր մյուսից հետ չմնալ: Բայց «Խալիֆայության կորյունները» տարբերվում էին մյուսներից՝ նրանցով զբաղվում էր անձամբ «պատերազմի նախարար» Աբու Օմար Աշ Շինանին:





























