Այսպես կոչված «բալկանյան երթուղու» փակվելուց հետո, որը Մակեդոնիայով, Սերբիայով, Խորվաթիայով գնում էր դեպի Ավստրիա եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներ, փախստականներրը Եվրոպա ներթափանցելու այլընտրանքային ուղիներ են գտնում, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Այդ երթուղիներից մեկը սկսվում է Անթալիայի նավահանգստից, Սիրիայի հետ սահմանակից Մերսինից կամ Աթենքից: Փախստականները ձկնորսական նավերով հատում են Միջերկրական ծովը եւ մտնում Իտալիա: Նման ճանապարհորդությունը, պարբերականի հաշվարկով, կազմում է 3-5 հազար եվրո:
Քանի որ Մակեդոնիան փակել է Հունաստանի հետ իր սահմանները, եւ Սերբիայով, Սլովենիայով եւ Ավստրիայով անցնող նախկին ճանապարհը փակ է, փախստականները շրջանցող ուղի են գտել: Որոշ փախստականներ փորձում են Հունաստանից Ալբանիա անցնել, այդտեղից էլ՝ ծովով Իտալիա կամ մեքենայով շարունակում են ճանապարհը դեպի Եվրոպայի հյուսիս: Պարբերականը նշում է, որ Հունաստանի եւ Ալբանիայի միջեւ ցամաքային սահմանը հատելը փախստականների համար շատ բարդ է, քան այդ երկրների եւ Իտալիայի միջեւ ծովային սահմանը:
Մյուս երթուղին անցնում է Բուլղարիայով, որտեղից փախստականները փորձում են անցնել Սերբիա կամ Ռումինիա: Ռումինիայում հետագա տեղաշարժի բնական խոչընդոտ է Կարպատյան լեռնաշղթան: Սերբիայի եւ ԵՄ-ի սահմանները խիստ հսկողության տակ են մնում: Այդ պատճառով շատ փախստականներ մնում են Բուլղարիայում:
The Financial Times-ը մարտի 7-ին գրել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է կենտրոնացնել հսկողությունը ապաստան ստանալու մասին միգրանտների միջնորդությունների եւ ԵՄ տարածքով նրանց տեղաբաշխման վրա:
Փախստականների բաշխման գործող համակարգը, այսինքն՝ Դուբլինի կանոնակարգը, նշում է, որ փախստականները պետք է ապաստան խնդրեն այն երկրից, որտեղ առաջինը մտնում են: Այդ համակարգը հարվածի տակ է դնում այնպիսի երկրների, ինչպիսիք են Իտալիան եւ Հունաստանը, սակայն պաշտպանում է Հյուսիսային Եվրոպայի երկրներին: Նոր կանոնակարգը նախատեսում է Դաշնային համաեվրոպական գործակալություն ստեղծել, որը պետք է զբաղվի փախստականներին ապաստան տրամադրելու հարցերի կարգավորմամբ:





























