ԱՄՆ-ում տեղի կունենա «Աշխարհի ամենախիզախ կանայք – 2016» մրցանակաբաշխությունը: Այս տարի դափնեկիրներից մեկը Ռուսաստանի քաղաքացի, լրագրող Ժաննա Նեմցովան է` 2015-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը, հայտնում է ամերիկյան Պետքարտուղարության կայքը:  

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Վաշինգթոնում` տեղի ժամանակով 10:30-ին: Միջոցառումը ուղիղ եթերում կհեռարձակվի Պետքարտուղարության կայքում, հայտնում է  NEWSru-ն: 

Նեմցովայից բացի, մրցանակին ներկայացված էին ակտիվիստուհիներ Բանգլադեշից, Բելիզայից, Գվատեմալայից, Իրաքից, Եմենից, Չինաստանից, Մալայզիայից, Սլովակիայից, Սուդանից, Տանզանիայից, Թայլանդից եւ Ֆրանսիայից: Դափնեկիրներին մրցանակներ կհանձնի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: 

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ մրցանակը  «ամեն տարի շնորհվում է այնպիսի կանանց, որոնք քաջություն եւ խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաեւ կանանց հնարավորությունների պաշտպանության գործում առաջնորդություն են դրսեւորել` հաճախ սեփական անվտանգությունը վտանգելու գնով»: Առաջին անգամ այս մրցանակը հանձնվել է 2007-ին: Այդ ժամանակվանից մրցանակակիր է դարձել մոտ  60 երկրի  100 ներկայացուցիչ:

Պետքարտուղարության կայքում համառոտ տեղեկություններ են հրապարակված ներկայիս մրցանակակիրների վերաբերյալ: Ժաննա Նեմցովայի մասին ասված է, որ նա  «չեմպիոն է Ռուսաստանում ժողովրդավարության, կրթության եւ տեղեկատվության ազատության ոլորտում»:

«Իր հոր` Նեմցովի սպանությունից հետո, չնայած իր հասցեին հնչած մեղադրանքներին, նա Մոսկվայում է մնացել եւ տվյալ հանցագործության մանրակրկիտ հետաքննություն է պահանջել: Սակայն  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներից հետո, որով նա վերջինիս վրա էր դնում սպանության   «քաղաքական պատասխանատվությունը», Ժաննա Նեմցովան ստիպված էր հեռանալ երկրից եւ մեկնել Գերմանիա, որտեղ շարունակում է պայքարել Ռուսաստանում մարդու իրավունքների համար` աշխատելով  որպես  Deutsche Welle-ի թղթակից»,-հայտնում է Պետքարտուղարությունը:   

Գերատեսչությունում նաեւ հիշեցնում են, որ անցյալ ամիս Ժաննան հիմնադրել է  «Բորիս Նեմցովի հանուն ազատության հիմնադրամը»` ռուսաստանյան տնտեսության եւ քաղաքականության մեջ հետազոտությունների ֆինանսավորման նպատակով: 

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան անունից Ջոն Տեֆտը Ռուսաստանի պարգեւատրված քաղաքացուն է դիմել եւ նրան իր շնորհավորանքներն է փոխանցել:   «Ժաննան այս պարգեւը ստացել է իր գործընկերուհուց` Ելենա Միլաշինայից հետո, որը 2013-ին մրցանակակիր էր դարձել, եւ ռուսաստանցի այլ ականավոր կանանց շարքում, որոնց ջանքերը գնահատվել են այս մրցանակով», - հայտնել է դեսպանը` նշելով, որ Ժաննան այս մրցանակին է արժանացել   «խիզախության եւ իր հոր` Բորիս Նեմցովի սպանության մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննության հասնելու, քարոզչության վտանգավոր եւ անպատասխանատու օգտագործման բացահայտմանն իր համառ նվիրվածության համար»: