Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրությունը չի արգելում սննդամթերքի ներմուծումը Հայաստան նույնիսկ, Ադրբեջանից եւ Թուրքիայից: Որքանո՞վ է ապահով այս երկրներից սննդամթերքի ներմուծումը Հայաստան, հատկապես, այս շրջանում, երբ Արցախի տարածարջանում իրավիճակը պատերազմական է: Թեմայի շուրջ զրուցեցինք Կենդանիների Առողջության Համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային Անասնաբուժական Ասոցիացիայի հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ, նախկինում ՀՀ Սննդամթերքի անվտանգության Պետական Ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի հետ:
Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ արեւէ կերպ արգելված չէ Ադրբեջանից եւ Թուրքիայից Հայաստան սննդամթերքի ներմուծումը: Որքանո՞վ է դա անվտանգ, եթե հաշվի առնենք տվյալ պետություների հետ մեր հարաբերությունները:
Սկսենք նրանից, որ ոչ ոք այսպես ուղղակի չի կարող ասել` այդ սնունդը կարո՞ղ է լինել անվտանգ, ապահով, թե՞ ոչ: Օրենքով պետք է լինի ապահով, բայց հաշվի առնելով տվյալ երկրների հետ մեր փոխհարաբերությունների բնույթը` կարծում եմ` այդ սնունդը կարող է պարունակել որորշակի ռիսկեր ինչպես որակի, այդպես էլ անվտանգության տեսակետից: Վերջնական պատասխանը այս հարցին կարող է տալ միայն ոլորտի լիազոր մարմինը: Իմ կարծիքով, անվտանգության տեսակետից միշտ եղել է, իսկ հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ինձ թվում է, որ այդ ռիսկն ավելի է աճել:
Իսկ եթե անգամ հաշվի չառնենք մեր հարաբերությունները տվյալ պետությունների հետ, առհասարակ, այնտեղի պայմանները որքանո՞վ են արդյունավետ առողջ սնունդ ունենալու համար:
Ես ծանոթ եմ թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում սննդի անվտանգության հսկողության համակարգերին եւ դրանց մակարդակին: Ծանոթ եմ հեռակա կարգով, քանի որ տարբեր նախագծերի շրջանակներում որպես միջազգային փորձագետ զննել եմ այդ համակարգերի որակական չափանիշների վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ: Ասեմ, որ երկու երկրում էլ գոյություն ունեն բազմաթիվ բացեր եւ դրանք բավականին լուրջ բացեր են, որոնք վերաբերվում են զարգացող երկրներ արտահանվող սննդային հումքի եւ մթերքի որակին ու անվտանգությանը: Դա սակայն չի վերաբերում ԱՄՆ, Եվրոպական Միություն, ԱՄՆ եւ զարգացած երկրներ արտահանվող սննդամթերքին: Վերջինս արտահանվելուց առաջ ենթարկվում են լուրջ փորձաքննության, քանի որ զարգացած երկրների սննդամթերքի որակին եւ անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ խիստ են: Թուրքիայից եւ Ադրբեջանից այդ երկրներ սննդամթերք կարող են արտահանել միայն այն արտադրողները, որոնք ստացել են այդ երկրների լիազոր մարմնի հավանությունը եւ համապատասխան գրանցման են ենթարկվել:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետություն Թուրքիայից եւ Ադրբեջանից սննդամթերքի ներմուծմանը, ապա ուզում եմ ասել որ իմ տեղեկություններով, Ադրբեջանից սննդամթերք մեզ մոտ գրեթե չի ներկրվում, սակայն կարող է ներկրվել քանի որ օրենսդրությամբ արգելված չէ: Հիմնականում սննդամթերքը ներկրվում է Թուրքիայից, սակայն երկու դեպքում էլ հարց է թե այդ սննդամթերքը կստուգվի՞, ինչպե՞ս կստուգվի եւ խնդիրներ կծագե՞ն դրա հետ կապված, թե՞ ոչ:
Երբվանի՞ց սկսեցին Հայաստան սնունդ ներմուծել Ադրբեջանից:
Մինչեւ 2013 թվականը մեզ մոտ արգելված էր նման բան, իսկ հետո թույլ տրվեց նախարարական որոշմամբ: Եթե չեմ սխալվում, արգելքը դրվեց Գյուղատնտեսության նախկին նախարար պարոն Լոքյանի օրոք, սակայն 2013-ի հունիսի սկզբին ընդունվեց գյուղատնտեսության նախարարի 103 ա հրամանը եւ այդ ներկրման արգելքն առանց որեւէ լուրջ հիմունքներ ունենալու հանվեց: Ընդ որում, Գյուղատնտեսության նախարարությունը դա բացատրեց նրանով, թե մենք Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ ենք եւ, ըստ այդմ, իրավունք չունենք ապրանք չներկրելու այլ երկրներից, հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել խնդիրների առաջ: Նման բան չկա, եւ ես այդ հրամանի կասեցման անհրաժեշտությանը եւ դրա հիմքերին մի քանի անգամ նախկինում անդրադարձել եմ: Ես ինքս հանդիսանում եմ սանիտարական հսկողության միջազգային փորձագետ եւ կարող եմ վստահեցնել, որ հրամանի կասեցումը ունի հստակ հիմքեր եւ չի առաջացնի ոչ մի խնդիր մեր երկրի համար: Ի դեպ ասեմ որ լինելով նույն Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ, Ռուսաստանը արգելեց Թուրքիայից սննդամթերքի ներկրումը 2015 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժը խոցեց ռուսական կործանիչը:
Հայաստանի դեպքում, նման արգելքի հիմքում ընկած է վտանգը, որ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրները ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը, կարող են սննդամթերքի, սննդային հավելումների եւ ըմպելիքի միջոցով կիրառել կենսաբանական կամ քիմիական զենք մեր բնակչության հանդեպ: Այդ երկու զենքերը պատերազմական սպառազինության ամենախորամանկ, ամենաբազմազան եւ ամենավտանգավոր զինատեսակներից են: Պետք է նաեւ նշեմ որ նման զենքերի կիրառումը կարող է լինել թիրախային, բնակչության որոշակի սեռահասակային խմբերի նկատմամբ, եւ. ինչու չէ, մեր զինվորների նկատմամբ: Չէ՞ որ, մեր բանակի սնունդը ապահովում է թիկունքը: Մեր զինվորները այսօր պատերազմում են նենգ եւ ամեն ինչին ընդունակ հակարակորդի դեմ, բայց մի՞թե ոչ-ոք չի մտածում, որ հնարավոր է` այդ հակառակորդը օգտագործի նաեւ արգելված զենք: Այդ զենքերի կիրառումը կարող է մեծ վնաս պատճառել մեր զինվորների առողջությանը, բայց միեւնույն ժամանակ դրանց կիրառման փաստը շատ դժվար կլինի ապացուցել միջազգային հանրությանը: Այս վտանգի մասին ես մի քանի անգամ խոսել եմ, բայց առ այսօր ոչ մի միջոց չձեռնարկվեց դրա չեզոքացման ուղղությամբ:
Մինչ երկրի սահմանն անցնելը, սնունդը ենթարկվում է հատուկ սանիտարական եւ բուսասանիտարական զննման: Միթե, այդ դեպքում էլ հնարավոր չէ հայտնաբերել այնտեղ թաքնված վնասակար նյութերը:
Սահմանում մեր մասնագետները անում են ամեն ինչ որ ապահովեն սննդամթերքի անվտանգությունը, բայց նրանց հնարավորությունները շատ սուղ են եւ դեռ թույլ չեն տալիս լիարժեք ձեւով բացառել վտանգը եւ կառավարել ռիսկերը: Ես համարում եմ, որ տվյալ պահին ամենաճիշտ քայլը կլինի արգելենք թշնամի երկրներից սննդամթերքի ներմուծումն ու օգտագործենք կամ բարեկամ երկրների արտադրանքը կամ էլ մեր տեղական արտադրանքը: Այս քայլը նաեւ կօգնի զարկ տալ մեր արտադրությանը:
Իսկ հայկական մթերք ներկրվո՞ւմ է Ադրբեջան:
Կարող եմ, գրեթե, վստահորեն ասել՝ ոչ:
Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում արգելված չէ այնտեղից մթերքի ներմուծումը:
Գիտեք` տարբեր մասնագետներ տարբեր բացատրություններ են տալիս այս երեւույթին: Որոշ մասնագետներ գտնում են, որ արգելք դնելով մեզ մոտ կառաջանա որոշ սննդամթերքի դեֆիցիտ, մյուսները գտնում են, որ մեր արտադրողները կարող են ներքին շուկայի պահանջը բավարարել եւ սա քաղաքական կամքի հարց է: Ես զերծ կմնամ մեկնաբանություններից թե ինչ հարց է սա, սակայն պետք է նշեմ որ այսօր իրավիճակը արդեն այլ է: Եթե 2013, 2014 եւ 2015 թվականներին Գյուղատնտեսության նախարարի 103 ա հրամանի կասեցումը հավասարաչափ արժանապատվության եւ անվտանգության հարց էր, ապա այսօրվա իրավիճակը մղում է անվտանգությունը առաջին պլան: Պետական անվտանգության շահերից ելնելով այսօր մենք ուղղակի ստիպված ենք նման արգելք կիրառել: Նույնիսկ եթե դադարեցվեն պատերազմական գործողությունները Արցախում, չի բացառվում, որ մեր թշնամիները շարունակեն այդ պատերազմը արդեն կենսաբանական եւ քիմիական անվտանգության տիրույթում:
Ի՞նչ եք կարծում` ստեղծված իրավիճակից ելնելով այդ արգելքը կկիրառվի՞:
Ես չգիտեմ կկիրառվի թե ոչ, բայց գտնում եմ, որ դրա կիրառումը անհրաժեշտ է: Այն պետք է կիրառվեր մինչեւ այս իրադարձությունները եւ եթե ինչ ինչ պատճառներով չի կիրառվել, ապա սխալի կեսից հետ դառնալն էլ է ճիշտ: Ես առիթ եմ ունեցել ասելու, որ եթե մեզ չկարողանան զենքով կործանել, ապա սննդով կործանել կարող են եւ այդ իսկ պատճառով այս հարցը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա պետկան մարմինների կողմից: Եթե Գյուղատնտեսության նախարարի 103 ա հրամանը չկասեցվի, ապա այն կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների, բայց ես հավատում եմ ոլորտի պատասխանատուների ողջամտությանը եւ հույս ունեմ, որ մեր հարցազրույցի հրապարակումից հետո նրանք համապատախան քայլեր կանեն:
Փորձելո՞ւ եք կրկին քայլեր ձեռնարկել այս արգելքին հասնելու համար:
Ես իմ լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այդ արգելքը գործի, սակայն կա լիազոր մարմին, որի ուղղակի գործառույթն է ապահովել մեր երկիր ներկրվող սննդամթերքի անվտանգությունը: Իմ կողմից ես հարկ եմ համարում մեկ անգամ եւս մեր երկրի ղեկավարությանը եւ ոլորտի պատասխանատուներին հիշեցնել, որ թեեւ այսօր տարբեր աշխատանքներ կան երկրի անվտանգությունը ապահովվելու ուղղությամբ, բայց սա էլ պակաս կարեւոր հարց չէ: Այս հարցի լուծումը չի պահանջում ոչ գումար, ոչ հատուկ միջոցներ, պարզապես, պետք է քաղաքական կամք, որպեսզի 103 ա հրամանը չեղյալ հայտարարեն: Դրանից հետո մենք նույն սննդամթերքը կարող ենք ներմուծել մեր դաշնակից եւ բարեկամ մի շարք այլ երկրներից: Այո, հասկանում եմ` Թուրքիայից ավելի էժան գներով են ներկրում, սակայն չեմ համարում, որ տնտեսական շահը պետք է դասվի ավելի բարձր, քան մեր ժողովրդի առողջությունը եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդը համակարծիք է ինձ հետ:




























