Ապրիլի 7-ին Հայաստանի խորհրդարանում սկսվել է ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով արտոնյալ վարկի քննարկումը: Ինչպես հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Պետական ջրային կոմիտեի պետ Արամ Հարությունյանը, միջոցները կտրամադրվեն 40 մլն դոլար չափով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով եւ 20 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ ժամանակահատվածով:   

Ծրագրի շրջանակում նախատեսված է շահագործումից հանել  12 պոմպակայանները եւ դրանք փոխարինել ինքնահոս ոռոգմամբ: Արդյունքում տարեկան կխնայվի  14,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նախատեսված է նաեւ մայրուղային եւ երկրորդական ոռոգման ուղիների վերականգնում, մասնավորապես, 4 մայրուղու վրա 8,6 կմ-ի վերանորոգում, տեղականների վրա` 54,1 կմ-ի, իսկ ներտնտեսականների վրա` 277,8 կմ-ի: Արդյունքում ոռոգվող տարածքները կաճեն  10 – 10,5 հազար հա-ով:

Նախատեսված է նաեւ էլեկտրաէներգիայի ծախսի վերահսկողության SCADA համակարգ տեղադրել խոշոր տնտեսությունների համար: Վարկի եւս մի բաղադրիչ է Արարատյան դաշտի 40 հա-ի վրա ժամանակակից ոռոգմամբ (կաթիլային եւ անձրեւային) ցուցադրական տնտեսությունների ստեղծումը: