Լեռնային Ղարաբաղի շուրջ մեծ ու բազմակողմանի խաղ է գնում: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանը: Թե ինչ են ուզում այդ խաղացողները, նրա խոսքով, բարդ է հասկանալ:

Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին, Տեր Թադեւոսյանը նշեց «Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու:Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդեւը պարզեն այդ հարցը: Այսինքն Ադրբեջանը հերթական անգամ ստոր քայլ է արել»:

Ռուսական կողմը, հիշեցրեց Կոմանդոսը, հայտարարում է, որ Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: «Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը: Եթե մենք որեւէ տարածք հանձնենք, ապա կօգնենք հակառակորդին մոտենալ ու ավելի արագ խեղդել մեզ: Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է: Ռուսաստանն ունի տնտեսական շահեր, ու քաղաքական գործիչներն ավելի շատ դրանցով են առաջնորդվում»,-նշել է Արկադի Տեր Թադեւոսյանը: