Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության համագործակցության շրջանակում Երեւան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը եւ գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։




























