Հայերի վրա Ալիեւը կրակեց` Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից տրամադրված զենքով: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` նշելով, որ դա փաստ է, որն արձանագրվեց նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի կողմից:
«Ռուսական երկակի խաղը պետք կասեցվի, Մոսկվան ամենաստոր խաղն է խաղում, ադրբեջանցիներին խրախուսում է, որ խախտեն համաձայնությունները, զենք է վաճառում Ադրբեջանին: Սա ռուս-ադրբեջանական դավադրություն էր Հայաստանի դեմ»,-ասաց նա:
Նրա խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չորսօրյա պատերազմի ընթացքում, երբ Ալիեւին ստատուս-քվոն փոխելու ժամանակ էր տրված, բայց նրան չհաջողվեց` դիվանագիտական հարթակում նոր իրավիճակ ստեղծվեց` ԼՂՀ-ն ավելի քաշային կատեգորիա ստացավ, քան Ադրբեջանը:
«Դա ապացուցեց այն, որ համանախագահներն այցելելով Ստեփանակերտ` այցելում են պաշտպանության շտաբ, հանդիպումներ են ունենում Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ: Սակայն, չնայած դրան` հայկական դիվանագիտության առաջ նոր խնդիրներ են բացվել, որոնք ունեն կենսական կարեւորություն հայ ժողովրդի, Հայոց պետականության համար: Հայ զինվորի կողմից գործած սխրանքը պետք է դիվանագիտական հարթության վրա ամրագրվի, հայկական կողմը պետք է հասնի նրան, որ ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծի վրա ստեղծվեն երաշխիքներ, որ նման հարձակում Ադրբեջանն այլեւս չի կարողանա գործել: ԼՂՀ բանակն ապացուցեց, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության կարեւոր գործոն է, որի հետ հաշվի են նստում միջազգային հարթակներում»,-ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա նոր զինադադարի համաձայնագրերի ստորագրության` 1994թ. համաձայնագիրը լիովին բավարար է. «Սակայն, պետք նշել նաեւ, որ այս համաձայնագիրը մի թերություն ունի` չի պարունակում իր մեջ պատասխանատվություն. պետք է երաշխիքներ, մեխանիզմներ, դիտորդների մանդատի փոփոխություններ լինեն, մոնիթորինգի մշտական դիտարկումներ լինեն, որպեսզի, եթե կողմը խախտի համաձայնագիրը` պատասխանատվության ենթարկվի: Չկան այդ մեխանիզմները, դրա համար էլ Ալիեւն իրեն այդպես է պահում»,-ասաց նա:




























