Մեքսիկայի իրավապահ մարմինները 52 տ եւ 72,3 հազար լ տարբեր տեսակի քիմիական նյութեր են ոչնչացրել, որոնք օգտագործվում են սինթետիկ թմրանյութի արտադրության համար: Ինչպես հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը, նախանյութերը առգրավվել էին Կոլիմայի նահանգում հանցավորության դեմ պայքարի մի շարք գործողությունների ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Գերատեսչությունում նշել են, որ նյութերի ոչնչացումը տեղի է ունեցել Իդալգոյի նահանգի Տիսայուկա քաղաքում մասնագիտացած ձեռնարկությունում «գլխավոր դատախազության աշխատակցի ղեկավարությամբ»:

Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է սինթետիկ թմրանյութի արտադրությունը: Թմրանյութի վերահսկողության միջազգային կոմիտեի (ԹՎՄԿ)  մարտի սկզբին հրապարակված ամենամյա զեկույցում նշված է, որ երկրում հայտնաբերված մետամֆետամինային լաբորատորիաների թիվը 2008-ից ի վեր  «զգալիորեն ավելացել է, իսկ ԱՄՆ-ի հետ սահմանին այս թմրանյութի առգրավման ծավալը եռակի աճել է»:

ԱՄՆ-ի Մաքսային սահմանապահ ծառայության  (անգլ` CBP) տվյալներով, 2009-ին Մեքսիկայի հետ սահմանին 3,2 տ մետամֆետամին է առգրավվել, իսկ  2015-ին` արդեն 13,04 տ: Միաժամանակ մեկ տարվա ընթացքում` 2013-ից 2014-ին ԱՄՆ-ի` այդ թմրանյութն օգտագործող քաղաքացիների թիվն ավելացել  է 35 տոկոսով, 1,18-ից հասնելով 1,6 մլն մարդու:

Մետամֆետամինի տարածման հիմնական ծավալը բաժին է ընկնում   «Սինալոա» խոշոր կարտելին, որի ղեկավար Խոակին Գուսմանը պատիժ է կրում Մեքսիկայի նահանգի առավել խիստ ռեժիմի բանտում եւ սպասում է ԱՄՆ-ին արտահանձնման: