Կանադայի բնակիչների շուրջ երկու երրորդը՝ 64%-ը, շարունակում է Եղիսաբեթ 2-րդին իր թագուհին է համարում, որը Սահմանադրությամբ կանադական պետության ղեկավարն է: Այս մասին են վկայում Angus Reid ինստիտուտի հրապարակած սոցհարցման արդյունքները: Այն անցկացվել է թագուհու 90-ամյա հոբելյանի նախաշեմին, որը նշվելու է ապրիլի 21-ին:

Բրիտանական թագուհուն ամենահավատարիմ կանադացիները բնակվում են Սասկաչեւան (78%) եւ Օնտարիո (74%) նահանգներում, իսկ ահա ֆրանսախոս Քվեբեկի բնակիչների մեծ մասը (58%) հրաժարվում է Եղիսաբեթ թագուհուն Կանադայի ղեկավար ճանաչել:

Կանադայի քաղաքացիները նաեւ բրիտանական միապետի հինգ հիմնական հատկություններ են առանձնացրել. նա հեղինակավոր է (67%), ազդեցիկ (39%), վճռական (39%), աշխատասեր (29%) եւ առաքինի (24%): Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ 2-րդը, որը երկիրը գլխավորում է 1952 թվականից, բրիտանական գահին գտնվելու տեւողության ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Վիկտորիա թագուհուն (63 տարի):