ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դուստրը փորձել է իր «միայնակ» քրոջն ամուսնացնել բրիտանական արքայազն Հարրիի հետ: Ըստ People-ի, դա տեղի է ունեցել ամերիկյան հեռուստաալիքներից մեկին արքայազնի հարցազրույցի ժամանակ: Հարրին եթեր է դուրս եկել՝ Ֆլորիդայում անցկացվող Invictus Games հաշմանդամ զինծառայողների մրցումների բացման մասին պատմելու համար:
Gazeta-ի փոխանցմամբ, 34-ամյա Ջենա Բուշ-Հագերն արքայազնին աշխարհի ամենահեռանկարային փեսացուներից մեկն է կոչել: Նա նաեւ Հարրիից հետաքրքրվել է, թե նրա մոտ ծիծաղ չե՞ն առաջացնում երեխաների մասին մշտական հարցերը:
Արքայազնը նշել է, որ իրեն միշտ հարցնում են այդ մասին, նաեւ խոստովանել, որ տվյալ պահին ինքն ընկերուհի չունի:
«Ես միայնակ քույր ունեմ»,- հայտարարել է Բուշ-Հագերը՝ նկատի ունենալով իր երկվորյակ Բարբարային: Նա կատակել է, թե իր քույրն «ազատ է» եւ հավելել. «Նա կսպանի ինձ»:
Հարրին պատասխանել է, որ այդ մասին կարելի է խոսել եթերից հետո: «Լավ, ես ձեզ կտամ նրա հեռախոսահամարը»,- ասել է Բուշ-Հագերը:




























