Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ավելի քան երբեւէ հեռու է: Այս մասին Il Manifesto պարբերականում գրել է իտալացի լրագրող Սիմոնե Ջոպելլարոն: Հոդվածում, մասնավորապես, ասված է.

«1994 թվականից ի վեր աննախադեպ ապրիլյան բռնկումից հետո Լեռնային Ղարաբաղում դեռեւս շարունակում են կրակել: Հարյուրավոր զոհեր զինվորականների եւ քաղաքացիական անձանց շրջանում, մարտեր յուրաքանչյուր տան համար, ինչպես Աստծո կողմից մոռացված ուրվական-գյուղում՝ Թալիշում: Ականներ, դիպուկահարներ, ավերածությունններ, փախստականներ, չպայթած իսրայելական ռումբեր:

«Պատուհանից հեռու գնացեք, այն կողմում ադրբեջանական դիպուկահարներ կան»: Ինձ ուղեկցող հատուկ ծառայությունների աշխատակիցը ցույց է տալիս հակամարտության առաջնագիծը, որն անզեն աչքով երեւում է հեռվում: Շենքի ներսում, թափված ծեփի եւ փոշու մեջ, այս ու այն կողմ գրքեր եւ տետրեր են: Մենք տարրական դպրոցում ենք, որը հրթիռակոծվել է «Գրադ»-ով:

Գնդակոծությունների եւ պայթյունների հետքեր են երեւում գյուղի տների մեծ մասի վրա: Շատերի պատուհանները կոտրված են: Գյուղի հանդիսասրահն ամբողջությամբ ոչնչացված է:

Այստեղ շարունակում են կրակել: Մեր ժամանումից մի քանի ժամ առաջ այստեղ դիպուկահարի կրակոցից զինվոր էր զոհվել:

Գյուղում հիմա միայն զինվորականներ եւ կամավորներ են բնակվում:

Մինչեւ ապրիլի սկիզբը գյուղացիներն աշխատում էին իրենց հողում: Հիմա այն անուշադրության է մատնված, քանի որ թիրախ կարող են դառնալ նաեւ տրակտորները: Բայց նշանակետում միայն Թալիշ գյուղը չէ: Միակ ճանապարհը, որով կարելի է Մարտակերտ հասնել, բավական վտանգավոր է: Ճակատային գիծը դրանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ է: Որքան մոտ Թալիշին, այնքան կարճ է տարածությունը: Վերջում մեկ կիլոմետրից քիչ տարածություն է մնում: Թշնամու կրակից հետո այն վերականգնելու համար Ղարաբաղի հայերը նոր ճանապարհ են սարքում, կողքից՝ բարձր պատնեշով, որը շարունակում են բարձրացնել: Էքսկավատորն աշխատում է առանց դադարի՝ վարողի կյանքի համաար մշտական վտանգով:

Անցնում ենք գյուղի միջով: Փլուզված տներից մեկում զինվոր է սափրվում, մի քանիսն էլ լվացվում կամ ճաշում են:

Ամենուր աղքատություն եւ բարձիթօղի վիճակ է, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության անցակետեր, կամավորների խմբեր:

Ստեփանակերտում Թալիշից փախած մի քանի ընտանիքի եմ հանդիպում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ի տվյալներով, նրանց թիվն անցնում է 50-ից:

Նրանց տեղավորել են մի քանի հյուրանոցներում: Հարցին, վերադառնալո՞ւ են Թալիշ, կանանցից մեկը կտրուկ պատասխանում է՝ «ո՛չ». այդ օրերից հետո վախը չափազանց մեծ է:

Ադրբեջանցիների տրամադրության տակ մեծ քանակությամբ զենք կա, այդ թվում՝ ռուսական: 2000-ականների նավթային բումին հետեւեց սպառազինությունների գլխապտույտ մրցավազքը:

Դժվար է հաշվել, թե որքան զենք ունեն Ղարաբաղի հայերը: Լինելով չճանաչված հանրապետություն՝ այն դժվարությամբ է զենք հայթայթում: Իհարկե, այս կողմում էլ բավարար քանակությամբ ժամանակակից զենք կա, բայց իշխանությունները հարկ չեն համարում այն ցուցադրել:

Այս հակամարտության ապագայի վերաբերյալ հարցերը բազմաթիվ են: Մեկ բան պարզ է. Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ավելի քան երբեւէ հեռու է»: