Հայկական եկեղեցին Կաթոլիկ եկեղեցու քույրերից է համարվում: Հունիսի 24-26-ին Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի նախաշեմին շվեյցարական Gazzetta del Popolo պարբերականին տված հարցազրույցում այս մասին նշել է Հռոմի Լեւոնյան կաթողիկե վարժարանի ռեկտոր Նարեկ Նաամոն:
Հայր Նաամո, ովքե՞ր են հայերը:
Լավ հարց է, քանի որ հագեցած պատասխան է ենթադրում: Հայերն ավելի քան 3 հազարամյա պատմություն եւ ավանդույթներ ունեն: Ամենակարեւորը մեզ համար. 301 թվականին մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը կնքեց Տրդատ 3-րդ արքային: Այդպիսով, Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն:
Աշխարհում հիմա որքա՞ն հայ կա, եւ որտե՞ղ են նրանք ապրում:
Ամբողջ աշխարհում հայերը շուրջ 10 մլն են: Նրանցից շուրջ 3 միլիոնն ապրում է Հայաստանում: Մնացյալը՝ Սփյուռքում, որը լավ կազմակերպված է. Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Վրաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, ինչպես նաեւ Արգենտինա, որտեղից էլ ծնունդով Ֆրանցիսկոս պապն է: Երբ նա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, հրաշալի հարաբերություններ ուներ հայերի հետ: Իտալիայում հայերի ներկայությունն ամենուր է՝ Միլանից մինչեւ Վենետիկ, Գենուայից մինչեւ Հռոմ, մինչեւ Սարդինիա եւ Սիցիլիա: Հայ համայնք կա Շվեյցարիայում, որտեղ նրանց թիվը 5 հազարից քիչ ավելի է: Պատմականորեն հայեր են բնակվում նաեւ Սուրբ Երկրում եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում. հայկական տարածք, որը 1930-ականներին բոլշեւիկները միացրեցին Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն Ադրբեջանից անկախություն հռչակեց: Վերադառնանք հայկական ինքնությանը: Քրիստոնյա հայերը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են:
Մի քիչ պատմեք նրա մասին:
Եկեղեցիների բաժանումը սկիզբ է առնում 451 թվականի Քաղկեդոնի ժողովից: Հայերը չկարողացան դրան մասնակցել, քանի որ պատերազմում էին Պարսկաստանի հետ՝ պաշտպանելով իրենց երկիրը: Այդ ժամանակից սկսվեց Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցու պառակտումը. այն դավանաբանական չէր, բայց խանգարում էր լիարժեք միասնությանը: Հարկավոր է, սակայն, նշել, որ հիմա Հայ Առաքելական եկեղեցին համարվում է Հռոմին ամենամոտ քույր եկեղեցիներից մեկը:





























