Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշել են մեծացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը շփման գծում: Դա միակ կոնկրետ ձեռքբերումն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր մյուս հարցերով լավ հայտնի, լղոզված «նախագահները ըմբռնման են հասել» եւ «հաստատել են կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելու մտադրությունը» հայտարարություններն են: Եթե իրականում կա ինչ-որ իրական ձեռքբերում,ապա այն գաղտնի է պահվում, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը կողմերն իրենց ակնկալիքներով էին մոտեցել: Բաքուն պահանջում է դուրս բերել հայկական միավորումները ԼՂՀ շուրջ անվտանգության գոտուց՝ հույս ունենալով, որ Մոսկվան ճնշում կգործադրի իր ռազմավարական դաշնակցի վրա:  Երեւանը պահանջում է մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքներ՝ նույնպես հույսը դնելով Մոսկվայի  պաշտպանության վրա: Անվտանգության գոտու տարածքների հանձնումը հայկական կողմը պատրաստ է քննարկել ԼՂՀ ինքնիշխանության ճանաչման դեպքում: Ահա եւ վերջ, փակուղի:

Կարելի՞ է դիտորդների թվի մեծացումը էական ձեռքբերում համարել: Դժվար թե: Դիտորդները խոչընդոտ չեն անգամ լոկալ հրաձգության համար, որոնք, ի դեպ, չեն էլ դադարում, էլ չասած պատերազմի վերսկսման համար: Շփման գծի ամբողջ երկայնքով նրանց չես կարող շուրջօրյա կանգնեցնել:  Հայ-ադրբեջանական սահմանին՝ առավել եւս:

Պե՞տք էր արդյոք Պետերբուրգի հանդիպումից առաջընթաց սպասել: Նույնպես ոչ: Կողմերի դիրքորոշումները շատ հեռու են, որքան էլ որ Մինսկի խմբի միջնորդները նկատառումներ անեն: Որքա՞ն  ժամանակ է շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, իսկ Կիպրոսի՞նը: Դե չեն կրակում, արդեն իսկ լավ է:

Ադրբեջանական կողմն ընդգծում է, որ չի կարող այդքան երկար սպասել հակամարտության կարգավորմանը եւ չի էլ սպասի: Առաջին հերթին՝ Բաքվի սպառված համբերությունը ապրիլին սկզբին ոչ մի դրական արդյունք չտվեց. միայն կորուստներ եւ զոհվածների ընտանիքների ցավ: Նույնը հայկական կողմում: Երկրորդ հերթին՝ հայկական դիրքերի վրա եւս մեկ նման հարձակում բլիցկրիգի սկզբունքային անհնարինության դեպքում առաջ կբերի արդեն ոչ միայն համաշխարհային քաղաքական կենտրոնների սուր քննադատությունը, այլ շատ հնարավոր է, նպաստի ԼՂՀ անկախության ճանաչմանը:  Ադրբեջանն, ըստ երեւույթին, պետք է համբերությամբ զինվի, բանակցություններ վարի եւ աստիճանաբար խաղաղ ճանապարհով բեկել իրադրությունը հօգուտ իրեն: Ժամանակը նրա կողմից է: Այսօր դա այդպես է: