Հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփը ամերիկացի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի երկու կտավ է վաճառել 11,5 մլն դոլարով, հայտնում է The New York Times-ը: Աճուրդով զբաղվում է Christie's աճուրդի տունը:

Չորեքշաբթի` հունիսի 29-ին աճուրդով վաճառվել է Բասկիայի ինքնանկարը, որը ստեղծվել է 1981 թվականին: Լոտի արժեքը կազմել է 4,7 մլն դոլար, ինչն էականորեն ավելին է, քան  1,9 մլն դոլար կանխատեսումը: Կտավը ձեռք է բերել նյույորքյան Acquavella պատկերասրահը:

Նույն տարի ստեղծված Pork կտավը աճուրդով վաճառվել է 6,8 մլն դոլարով (գնահատման արժեքը` 4,4 մլն դոլար էր): Գնորդի անունը չի բացահայտվում:

Ընդհանուր առմամբ Դեփը Բասկիայի ութ կտավ է վաճառում: Մնացած վեցը ներկայացված են աճուրդին, որը տեղի կլունենա հինգշաբթի` հունիսի  30-ին: