Մինչեւ վերջերս անհնար էր ճարպի ցածր պարունակությամբ շոկոլադ արտադրել, քանի որ առանց ճարպի բավարար քանակության շոկոլադե զանգվածը կպչուն է դառնում ու կեղտոտում է հոսքագծի խողովակները: ԱՄՆ Թեմփլի համալսարանում լուծել են այդ խնդիրը էլեկտրականության օգնությամբ:

Ճարպի ցածր պարունակությամբ շոկոլադե զանգվածից կարելի է սալիկներ ձեւավորել էլեկտրական դաշտի ներգործության տակ: Այն ստիպում է կակաոյի մասնիկներին կարճ շղթաներ ու այլ ձեւեր ստեղծել, որոնք չեն խանգարում շոկոլադե զանգվածի նորմալ հոսքին: Ըստ ստացված տվյալների՝ մեկ սանտիմետրին 1600 վոլտ հզորության էլեկտրական դաշտը 43.5 տոկոսով նվազեցնում է կաթնային շոկոլադե կպչունությունը ու թույլ է տալիս 10 տոկոսով նվազեցնել ճարպերի քանակը: Դիետիկ շոկոլադը, որը ստացվել է էլեկտրականության օգնությամբ, դեռ վաճառքում չի հայտնվել, բայց այն ստեղծողները վստահ են, որ այն պահանջված կդառնա, քանի որ ճարպակալման ու սրտանոթային հիվանդությունների խնդիրը աշխարհում արդիական է, հայտն ում է Kedem-ը: