Ֆրանսիայի իշխանությունները ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից սկսած՝ ավելի քան 1000 մարդու են ձերբակալել։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը, փոխանցում է Provence–ը։
«Առաջնության սկզբից իրավապահներն ավելի քան 1000 հոգու են ձերբակալել, որոնցից 600—ը բանտարկվել են, իսկ 56-ը՝ դատապարտվել»,– ասել է նախարարը եւ հիշեցրել, որ Եվրո–2016-ի մեկնարկից սկսած՝ Ֆրանսիայից վտարվել է 34 մարդ։
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ–ից հայտնել էին, որ Եվրո–2016-ի ժամանակ անվտանգությունն ապահովելու են 87 հազար իրավապահ, այդ թվում՝ 42 հազար ոստիկան եւ 30 հազար ժանդարմ, ինչպես նաեւ զինծառայողներ ու անվտանգության քաղաքացիական գործակալներ։
Եվրոպայի առաջնությունում երկրպագուների միջեւ մի շարք բախումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես Մարսելում հունիսի 11-ին՝ Ռուսաստան–Անգլիա խաղից հետո, ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ռուս երկրպագուները ներխուժել էին անգլիացիների սեկտոր եւ կռիվ սարքել, որի հետեւանքով վիրավորվել էր 30 մարդ։



























