Չինաստանի ինտերնետ կարգավորիչ ընկերությունը ուժեղացնում է լրատվամիջոցներում սոցիալական ցանցերից վերցրած կեղծ տեղեկությունների ու շշուկների տարածման դեմ պայքարի միջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Կիբերանվտանգության հարցերով պետական վարչությունը հրապարակել է ինտերնետում կեղծ տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության եւ դրա դեմ պայքարի նպատակով ընդունած որոշումը։ Գերատեսչությունը բոլոր կայքերին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հրապարակած տեղեկությունների բովանդակությունը լինի հավաստի, բազմակողմանի, անաչառ եւ ճշմարիտ։
«... խստորեն արգելվում է տեղեկատվական հաղորդագրությունների մեջ օգտագործել չստուգված եւ չհաստատված տեղեկությունը, որը հրապարակված է սոցիալական ցանցերում եւ այլ ինտերնետ պլատֆորմներում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2015-ի մարտի 1-ից Չինաստանը խստացրել է համացանցում տեղեկության նկատմամաբ հսկողությունը։ Նոր կանոններն արգելում են օգտագործել ավատարներ եւ ցանկացած տեղեկություն, որը խախտում է սահմանադրությունն ու մյուս օրենսդրական ակտերը, վնաս է հասցնում երկրի պետական անվտանգությանը, բացահայտում է պետական գաղտնիքը, սասանում է քաղաքական ռեժիմը եւ երկրի միասնությունը։





























