Վուլվերհեմփթոնի եւ Շեֆֆիլդի համալսարանների հոգեբանները պարզել են, որ եթե ինքդ քեզ ասես. «ես կարող եմ սա ավելի լավ անել» նախադասությունը, կարելի է իրոք բարելավել սեփական կարողությունները եւ արդյունավետորեն կատարել ցանկացած առաջադրանք, հայտնում է Frontiers in Psychology-ն:
Գիտնականները որոշել են ստուգել, թե իրոք արդյունավետ են տարբեր մոտիվացիոն տեխնիկաները: Փորձարկումներին 44 հազար մարդ է մասնակցել: Կամավորներին 12 խմբի են բաժանել: Մասնակիցների առաջադրանքն էր հնարավորինս արագ 1-ից 36 հերթականությամբ սեղմել թվերի վրա, որոնք պատահական եղանակով բաշխված էին քառակուսի ցանցում: Հետազոտողները որոշել են, որ հնարավոր է մարդկանց օգնել բարելավել իրենց տվյալներն առցանց խաղում: Ստուգված միջոցների թվին էին պատկանում ինքն իր հետ զրուցելը, մտքում ապագա արդյունքը պատկերացնելը եւ այն գործողությունների պլանավորումը, որոնք կարող են հետեւել ցանկալի արդյունքին:
Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք իրենք իրենց ասել են, որ հաջորդ անգամ կարող են ավելի լավ լուծել խնդիրը, իրոք ավելի արդյունավետորեն են հաղթահարել թեստը, քան վերահսկիչ խումբը: Այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են` «ես կարող եմ գերազանցել իմ լավագույն արդյունքը», «ես կարող եմ դա ավելի արագ անել» ավելի գործուն են եղել: Բացի այդ, եթե մտքում պատկեր ստեղծեք, որ դուք գերազանցում եք ձեր նախորդ ռեկորդը կամ էլ ուղղակի լավ եք խաղում, արդյունքն էլ կբարելավվի:
Իսկ այնպիսի խրախուսող միջոցները, որոնք կայանում են առաջադրանքի լավ կատարումից հնարավոր օգուտները պատկերացնելու մեջ, ավելի վատ են ազդում: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ դրանք ավելորդ քաշի եւ կենսական այլ խնդիրների դեմ պայքարի արդյունավետ գործիք են:





























