Լաս Վեգասից (Նեւադայի նահանգ) կոլեկցիոները Ամերիկայի` բրիտանական թագի տիրապետությունից ազատագրման 240-րդ տարեդարձին Անկախության հռչակագրի   201 ֆաքսիմիլեներից մեկի սեփականատեր է դարձել: Այդ հազվագյուտ նմուշը Քեւին Կոստիներին 75 դոլար էր արժեցել, իսկ այժմ, իսկության հաստատումից հետո, աճուրդին մինչեւ   35 հազար դոլար կարժենա, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Լաս Վեգասի թանգարանների ղեկավար Մարկ Հոլլ-Պատտոնը Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ 1823 թվականին պղնձե թիթեղներին փորագրման մեթոդով վերարտադրել էին Անկախության հռչակագրի բնօրինակը:   «Ուրախալի է սեփական աչքով տեսնել նման պատճենը: Հիմա արդեն   201 ֆաքսիմիլեի նույնիսկ տպվածք չես ճարի»:

Կոլեկցիոները պատմել է, որ վերջերս ինքը աճուրդին  75 դոլարով փաստաթղթերի մի քանի տուփ էր ձեռք բերել, որոնցից ազատվել էր Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի նահանգի Գիտությունների ակադեմիան: Թղթերի կույտի տակ` տուփի ամենախորքում նա գտել է Անկախության հռչակագրի պատճենը:   Քեւինը ստուգել է եւ հավաստիացել, որ իսկական գանձի տեր է դարձել:  «Սիրում եմ թանկարժեք իրեր փնտրել եւ հավաքել», - հայտնել է կոլեկցիոները: Նա խոստովանել է, որ փողը շահավետորեն է ներդրել, բայց չի պատրաստվում հարստանալ` վաճառելով հազվագյուտ իրը: 

Իրականում ԱՄՆ-ի «տարեդարձը» պետք է համարել ոչ թե հուլիսի 4-ը, այլ հուլիսի 2-ը: Հենց այդ օրը` 1776 թվականին Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) Մայրցամաքային երկրորդ կոնգրեսը քվեարկել է բանաձեւի օգտին, որը հռչակում էր ամերիկյան գաղութների անկախությունը մետրոպոլիայից:  Հուլիսի չորսով է թվագրված թղթին փոխանցված անկախության հռչակագիրը, որը կազմել են Թոմաս Ջեֆերսոնը, Ջոն Ադամսը եւ Բենջամին Ֆրանկլինը: Սակայն Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի պատվիրակներն իրականում Անկախության հռչակագիրը ստորագրել են միայն օգոստոսի 2-ին: